«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Լեյթոն Մաքսվելը, որը մերսիսայդցիների կազմում հանդես է եկել 1999-2001 թվականներին, 8 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ ոստիկանությանը հայտնի է դարձել, որ 43-ամյա տղամարդն իր տունը տրամադրել է հանցախմբի՝ որպես թմրանյութերի պահեստ, ընդհանուր առմամբ 6 միլիոն ֆունտ արժողությամբ։
Իրավապահ մարմինները Մաքսվելի մոտ ավելի քան 60կգ կոկաին և հերոին են գտել, ինչպես նաև 2,5 մլն ֆունտ կանխիկ գումար։ Դատախազները հայտնել են, որ Մաքսվելը առաքիչի դեր է կատարել և ամսական 500 ֆունտ ստացել այդ ծառայությունների դիմաց։
Նախկին ֆուտբոլիստի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը կոտրել է գաղտնագրված հաղորդագրությունների ծառայությունը, որն օգտագործվում էր ավազակախմբի ղեկավարների կողմից:
























































