Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դարեն Բենտը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Նայեք Հոլանդին, ով համաշխարհային ֆուտբոլի գերաստղ է, նա գալիս է առանց «ուղեբեռի»: Նրա մասին պատմություններ երբեք չես լսի, նա բարձրակարգ պրոֆեսիոնալի տեսք ունի: Ամեն անգամ, երբ խոսում ենք Մբապեի մասին, նա միշտ ինչ-որ բանից նեղվում է, կամ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ է ունենում։ Այդ ամենն արդեն անհեթեթություն է:
Անցյալ տարի նա դժգոհ էր, ցանկանում էր «Ռեալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Դա տեղի չունեցավ, և այժմ նա նոր պայմանագիր է ստորագրել, բայց կրկին դժգոհ է։ Չեմ կասկածում, որ Մբապեն ֆենոմենալ խաղացող է, բայց դուք ուզո՞ւմ եք, որ այսպիսի պատմություն մտնի ձեր հանդերձարան ու ամեն ինչ փչացնի»,- մեջբերում է Բենտին talkSPORT-ը։
Ավելի վաղ փարիզյան ակումբը վստահեցրել էր, որ Մբապեն թիմից հեռանալու ցանկություն չի հայտնել։
























































