Էրլինգ Հոլանդի պայմանագրում առկա փոխհատուցման կետին վերաբերող վերջնաժամկետը մոտենում է ավարտին:
Նորվեգացու պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսում է կետ, որ պոտենցիալ գնորդը կարող է խաղացողին գնել 75 միլիոն եվրոյով։ Այս կետն ուժի մեջ է միայն մինչև այս տարվա ապրիլի 30-ը, հայտնում է Marca-ն՝ հղում անելով Bild-ին։
Եթե մինչ այդ ոչ մի ակումբ չգնի հարձակվողին, ապա դորտմունդյան ակումբը կկարողանա ավելի մեծ գումար պահանջել հարձակվողի տրանսֆերի համար։ Վերջերս Էրլինգի գլխավոր հավակնորդներ են համարվում «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Բարսելոնան»:
Ավելի վաղ միջազգային մամուլում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» Հոլանդին առաջարկել է շաբաթական ավելի քան 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, ինչը նրան կդարձնի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Բացի այդ, ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական ակումբին կարող է արժենալ 100 մլն ֆունտ։
























































