«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նորվիչ Սիթիին» (3-1) հաղթելուց հետո խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին։
Մարտի 10-ին բրիտանական իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառեցին լոնդոնցիների սեփականատեր Ռոման Աբրամովիչին՝ սառեցնելով նրա բոլոր ակտիվները։ Ակումբը կշարունակի հանդիպումներ անցկացնել և վճարել աշխատավարձերը սահմանված ժամկետներում, սակայն չի կարողանա վաճառել տոմսեր և ակումբային այլ պարագաներ։ Բացի այդ, «Չելսիին» արգելվում է ձեռք բերել նոր խաղացողներ և երկարաձգել գործող պայմանագրերը։
«Տեսնենք՝ ամեն ինչ նույնը կմնա՞ արդյոք, չգիտեմ։ Ամեն օր մենք ինչ-որ նոր բան ենք զգում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը։ Բոլորը կարող են միանգամայն վստահ լինել, որ մենք կենտրոնացած ենք ինքներս մեզ վրա՝ մարզումների ժամանակ և թիմում ճիշտ վերաբերմունք և ճիշտ մտածելակերպ պահպանելու վրա։
Առայժմ մենք կարող ենք վստահել միմյանց, և դա չի փոխվի: Քանի դեռ բավականաչափ մարզաշապիկներ և ավտոբուս ունենք խաղերին գնալու համար, մենք դա կանենք և կշարունակենք պայքարել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































