Աֆրիկական ազգերի Գավաթի քառորդ եզրափակչի խաղում Եգիպտոսի հավաքականն այսօր մրցել է Մարոկկոյի հետ և լրացուցիչ ժամանակում հաղթանակ տարել։ Հանդիպումը կայացել է Կամերունում և ավարտվել եգիպտոսցիների՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստ Սոֆյան Բուֆալը։ Աշրաֆ Հաքիմիի նկատմամբ խախտման համար VAR-ի օգնությամբ 11-մետրանոց է նշանակվել Եգիպտոսի հավաքականի դարպասին, որը Բուֆալն անվրեպ է իրացրել։
56-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հավասարեցրել է հաշիվը, իսկ մինչև հիմնական ժամանակի ավարտը թիմերը չեն կարողացել վճռել հաղթողին։ Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ 100-րդ րոպեին Մահմուդ Հասանը Սալահի փոխանցումից հետո ևս մեկ գոլ է հեղինակել ու հաղթանակ պարգևել Եգիպտոսի ընտրանուն։
Եգիպտոսի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Կամերունի հետ։
























































