Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի արդեն նոր մարզչի գլխավորությամբ: Գյումրեցի բռնցքամարտիկը հայտնել է՝ մենամարտին նախապատրաստվում է MTK Global մենեջերական ընկերության բրիտանացի մարզիչ Դենի Վոգանի հետ։
Վոգանը ևս գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Բաչկովի հետ աշխատելն իր համար հպարտություն է.«Հովհաննեսն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր: Նրա ռեկորդը տպավորիչ է. Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երկու մենամարտ է անցկացրել և տարել է երկու հաղթանակ:
Նա այնպիսի ոճ ունի, որը սիրում են բռնցքամարտի սիրահարները: Նա շատ համեստ տղա է: Հետևեք այս հզոր տղային, նա աշխարհի ապագա չեմպիոն է»:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Բաչկովն արդեն հաղթել է վենեսուելացի Սամյուել Գոնսալեսին և Ուկրաինան ներկայացնող Բինալի Շահմանդարովին։
Բաչկովի առաջիկա մենամարտը կկայանա մարտի 19-ին Դուբայում: