Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբը: Ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել, թե որ ակումբում կշարունակի կարիերան: Այն տեղեկությունը, թե Հոլանդը նախնական համաձայնության է եկել «Ռեալի» կամ «Բարսելոնայի» հետ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում 17 հանդիպման է դուրս եկել խաղադաշտ՝ դառնալով 19 գոլի հեղինակ: Նա նաև 9 գոլային փոխանցում է կատարել:
Հոլանդի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 150 մլն եվրո է գնահատում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիայի» ղեկավարները կփորձեն պահել Հոլանդին՝ նրան աշխատավարձի կրկնակի բարձրացում առաջարկելով:
























































