Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) խորհրդատվական խմբերը հանդես են եկել առաջարկությամբ՝ մշտական կանոն սահմանելու վերաբերյալ, որը թիմերին թույլ է տալիս յուրաքանչյուր խաղում հինգ փոխարինում կատարել, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Առաջարկն արվել է այն բանից հետո, երբ կազմակերպությունը ստացել է մի շարք դիմումներ տարբեր ֆեդերացիաներից, լիգաներից և այլ կազմակերպություններից։
Նշվում է, որ մրցաշարերի ղեկավարությունը կկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել փոխարինումների քանակի ավելացման վերաբերյալ՝ կախված մրցաշարի պահանջներից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլում հինգ փոխարինման կանոնը ներդրվել է 2020 թվականի մայիսին՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։ Ավելի ուշ կանոնը երկարաձգվեց մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը, իսկ դրանից հետո՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։























































