Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի յուրաքանչյուր երկրպագու, ով ներկա կգտնվի Լիխտենշտեյնի հետ ԱԱ-2022 թվականի առաջնության ընտրական հանդիպմանը, նվեր կստանա օրիգինալ մարզաշապիկ, հայտնում է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
«Գնե՛ք տոմս և ստացե՛ք ազգային հավաքականի անվճար մարզաշապիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է երկրպագուների ուշադրությունը գրավել բավականին թույլ մրցակցի հետ հանդիպմանը․ Լիխտենշտեյնը ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշում 190-րդ տեղում է, Գերմանիան՝ 12-րդ հորիզոնականում։
Նոյեմբերի 11-ին Վոլֆսբուրգում կկայանա Գերմանիայի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների հանդիպումը։