Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իտալիայի հավաքականի դեմ սպասվող խաղի ակնկալիքներից։
«Շատ ուրախ եմ, որ նորից Իտալիայում եմ։ Ես այստեղ հիանալի տարի եմ անցկացրել՝ որպես «Ռոմայի» մարզիչ․ ինձ դուր է գալիս ուտելիքը, սուրճը, լեզուն, արևը ու, կարծում եմ, որ այս երկու ազգային թիմերն իրար շատ նման են։
Չեմ սիրում անհանգստանալ այն առիթով, թե ինչ կարող է լինել․ պիտի Իտալիայի հետ պայքարենք գնդակին տիրելու համար ու մեր խաղաոճը թելադրենք։ Մի միջոց կա հաղթելու․ խաղալ քո ոճով։
Բացարձակ համոզված եմ, որ այս կազմում լավ հարձակվողներ կան։ Նշանակություն չունի նրանք կենտրոնական հարձակվողի դիրքում են խաղում, թե ոչ։ Իմ թիմերը միշտ հարձակվողական են խաղալու, իսկ գոլեր կարելի է խփել ամենատարբեր ձևերով»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։























































