Մեկ ու կես տարի առաջ «Բիթլզի» քաղաքը ներկայացնող ակումբը ևս առաջատարն էր ԱՊԼ մրցաշարային աղյուսակում։ Մի քանի միավորով առաջ լինելով մոտակա մրցակցից՝ Գվարդիոլայի «Սիթիից», մերսիսայդցիները ձեռքից բաց թողեցին չեմպիոնությունը՝ առաջնության վերջնամասում մեկ միավորով զիջելով «քաղաքաբնակներին»։
Ոմանք կարծում են, որ դա կարող է կրկնվել, ոմանք էլ՝ որ ոչ այս անգամ։ Այդպես ենք կարծում նաև մենք։ Ինչո՞ւ․․․ զինվեք համեղ քաղցրավենիքներով, սուրճով կամ թեյով, տեղավորվեք հարմարավետ բազմոցին և ցուրտ ձմռան ճերմակ ֆոնին փորձենք միասին հասկանալ, թե ինչո՞ւ են «կարմիրները» ջերմացնում ֆուտբոլասերների մեծ մասի սրտերը՝ կարդալով մեր փոքրիկ վերլուծությունը։
✅ Ինչո՞ւ․ Միավորների ահռելի պաշարը
Ներկայիս «Լիվերպուլը» ասես Ֆորմուլա 1-ի բոլիդ լինի, որն ընթանում է առանց կանգնելու․ 21 հանդիպում, որից 20-ում հաղթել է և ևս մեկում գրանցել ոչ-ոքի։ Տպավորիչ է, չէ՞։ Վերջին անգամ ե՞րբ էին եղել այդպիսի արդյունքներ 🤔 ․․․ Երբե՛ք․․․

61 միավոր․․․ առաջիկա հետապնդողները՝ «Սիթին» ու «Լեսթերը» ետ են մնում արդեն 14 և 16 միավորով համապատասխանաբար։ Եվ դեռ մերսիսայդցիները մեկ խաղ էլ պակաս են անցկացրել
Լիվերպուլցիները դժվար թէ բաց թողեն այս անգամ նման ահռելի առավելությունը, և, եկեք անկեղծ լինենք, փաստ չէ, որ Գվարդիոլայի թիմը ևս միավորներ չի կորցնի առաջիկա 16 խաղերում։
✅ Յուրգեն Կլոպ
Միանշանակ, ներկա պահին գերմանացի մասնագետը լավագույններից մեկն է աշխարհում։ Դրանում երևի թե կհամաձայնվեք բոլորդ։ Յուրգենի աշխատելաոճի մասին բազմաթիվ լեգենդներ են պտտվում, սակայն, առանձնացնենք երկու ուժեղ կողմերը․
1️⃣ Կլոպը շատ լավ է աշխատում երիտասարդ կադրերի հետ
2️⃣ Նա հիանալի մոտիվատոր է, հոգեբան
Երբ Մանեն, Սալահը, Ֆիրմինոն կամ Վան Դեյկը տեղափոխվեցին «Լիվերպուլ», նրանք այդ պահին համաշխարհային մեծության աստղեր չէին։ Իսկ ներկայումս նրանց կարելի է համարել առաջին մեծության աստղեր։ Կլոպի գլխավորությամբ աշխատում են բոլորը, գրեթե բոլորը մի դիրքի խաղացող չեն, այլ ունիվերսալ են։ Օրինակ, Ֆիրմինոն․ երբ նայում եք «Լիվերպուլի» խաղը, մակերեսորեն, ապա բրազիլացին չի երևում, թվում է, թե նա խաղից դուրս է, սակայն, բավական է հետևել միայն նրան, նրա գործողություններին, ապա կտեսնեք, թե ինչ ահռելի աշխատանք է կատարում նա դաշտում։ Ունիվերսալություն․․․ դա է հաղթաթղթերից մեկը ներկայիս «Լիվերպուլի» համար։ Պատահական չէ, որ թիմի առաջին նորեկներից մեկը այս տարի Մինամինոն է․ ճապոնացին Կլոպի «չհղկված ադամանդն» է, ում գերմանացին առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կդարձնի համաշխարհային մակարդակի գերաստղ․․․ Առաջ չընկնենք, կտեսնենք մոտ ապագայում։
Յուրգեն Կլոպը Անգլիայի գավաթի խաղարկությունում «Էվերթոնին» հաղթելուց հետո կիսել է իր կարծիքը «Լիվերպուլի» կազմում Տակումի Մինամինոյի դեբյուտի վերաբերյալ․
«Սուպեր, հիանալի: Նա այն խաղացողն է, որը մեզ պետք էր: Սա նրա առաջին հանդիպումն էր մի թիմի կազմում, որի հետ նա դեռ ծանոթ չէր: Նա ցույց տվեց խաղի իմացությունը, ֆուտբոլի բարձրագույն հմտությունները և հիանալի վերաբերմունքը, որը ինձ դուր եկավ»,- մեջբերում է Կլոպին ակումբի մամուլի ծառայությունը
✅ Թիմի կազմը
Անգլիական գրանդի դարպասի պահապանը Բրազիլիայի հավաքականի համար առաջին դարպասպահն է՝ Ալիսոնը, ով, անխոս, ներկայիս լավագույն դարպասապահներից մեկն է աշխարհում։ Սակայն, շատ հաճախ, նա անգործության է մատնվում խաղի ժամանակ։ Ինչո՞ւ․․․ պատճառներից մեկը Վան Դեյկն է։ Իսկական առաջատար, ունիվերսալ պաշտպան, ով ասես ցեմենտել է թիմի պաշտպանության կենտրոնը։ Պատահական չէ, որ նա այս տարվա «ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկն էր։
Ինչ վերաբերվում է պաշտպանության եզրերին՝ Ալքսանդր-Առնոլդ և Էնդրյու Ռոբերտսոն․ երկու գերարդյունավետ եզրայիններ, թերևս լավագույնները իրենց դիրքերում ԱՊԼ-ում։ Տարվա կտրվածքով մեկ տասնյակից ավել գոլային փոխանցումներ յուրաքանչուրի հաշվին։ Իսկ հիշո՞ւմ եք Առնոլդի գոլային փոխանցումը «Բարսելոնայի» դեմ խաղում․․․ Ֆուտբոլային ինտելեկտ, սառնասրտություն, հուսալիություն․ այդ ամենն էր պակասում մերսիսայդցիների պաշտպանությունում վերջին տարիներին։
Կարծում ենք, ավելացնելու ոչինչ չկա, արդեն իսկ ամեն ինչ պարզ է․․․
Կիսապաշտպանության կենտրոնում դեռևս իրենց վատ չեն դրսևորում Հենդրեսոնը, Վեյնալդումը, իսկ Ֆաբինյոն կարծես թե արդեն գտել է իր խաղը անգլիական գրանդի կազմում։ Իսկ ինչ վերաբերվում է հարձակմանը․․․ Մանե, Սալահ, Ֆիրմինո․․․ Այս եռյակը դարձել է «մղձավանջ» ոչ միայն ԱՊԼ-ի ակումբների, այլ նաև եվրոպական թիմերի համար․․․ Իսկ եթե նրանց գումարենք նաև Մինամինոյին և Օրիգիին․․․ Կարծում ենք, այստեղ ևս ամեն ինչ պարզ է։ Ի դեպ, Մանեին մենք անդրադարձել էինք նախորդ շաբաթ՝ «Սենեգալյան ետնախորշերից` Չեմպիոնների լիգայի գավաթ. Հեքիաթ իրական կյանքից» նյութում, որը կարող եք կարդալ այստեղ։
Կարելի՞ է այս կազմը համարել փորձառու․ այո՛։ Սակայն, եթե ուշադիր նայենք հիմնական կազմին, բացի Միլներից՝ վետերաններ թիմում, կարելի է ասել, չկան։ Ֆուտբոլիստների մեծամասնության համար դեռ նոր է սկսվում կարիերայի պիկը, իսկ ոմանք էլ, դեռ նվազագույնը մեկ տասնամյակ կուրախացնեն մեզ իրենց խաղով։Ու դեռ նոր անուններ են քիչ-քիչ մոտենում հիմնական կազմին երիտասարդական թիմից, որոնցից մեկը Կուրտիս Ջոնսն է։
Ֆուտբոլիստների մոտ ձևավորվել է հաղթողի հոգեբանություն, նրանք ներկայումս ավելի վստահ են իրենց ուժերին, քան, օրինակ երկու տարի առաջ էր։ Իսկ դա շատ կարևոր է, հավատացեք։ Նաև շատ կարևոր է այն, որ թիմում կոնֆլիկտային իրավիճակները գրեթե բացակայում են, Կլոպը կարողացել է հավաքել մի կոլեկտիվ, որը ընտանիքի պես է․․․
Կարելի՞ է ասել, որ մերսիսայդյան ակումբը արդեն ԱՊԼ-ի չեմպիոնն է։ ՉԼ-ի գավաթին «կարմիրները» արդեն տիրացել են, մնում է միայն տիրանալ ԱՊԼ-ի չեմպիոնի բաղձալի տիտղոսին, որին սպասում են միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։ Եկեք շամպայնի շիշը դեռ պահենք սառնարանում, ամեն ինչ ավելի պարզ կլինի մոտ ապագայում։ Իսկ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Քրաուչը վստահություն է հայտնել, որ Յուրգեն Կլոպի թիմին արդեն կարելի է շնորհավորել լիգայի տիտղոսի համար:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մրցակցել «Լիվերպուլի» հետ։ Նրանց անուններն արդեն գրված են գավաթի վրա, «Լեսթերն» ու «Սիթին» ամենամոտն են, բայց չեմ կարծում, որ «Լիվերպուլը» կկորցնի այդքան միավոր»,- ասել է Քրաուչը PA Sport-ի հետ զրույցում
Տեսնենք, ո՞վ և ե՞րբ կկարողանա կանգնեցնել անգլիական բոլիդը․․․ Իսկ մինչ այդ, սիրելի ֆուտբոլասերներ, եկեք պարզապես վայելենք այն հրաշքը մեր սիրելի թիմերի կողմից, որը կոչվում է ՖՈւՏԲՈԼ․․․
P.S. Նյութի հեղինակը չի հանդիսանում «Լիվերպուլի» երկրպագու, այլ պարզպես կիսվում է իր հիացմունքով «կարմիրների» ներկայիս խաղից 😉
Վար Բաբայան