«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հաղթարշավը։ Պեպ Գվարդիոլայի սաների ապշեցուցիչ շարքը շարունակվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։
Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին։ Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լեանդեր Դենդոնկերը՝ գրանցելով ինքնագոլ։ Երկրորդ կեսում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ 61-րդ րոպեին աչքի ընկավ Քոնոր Քոդին։
Խաղավերջում «քաղաքայինները» անցան գործի։ 80-րդ րոպեին «Ման Սիթիին» առաջ մղեց Գաբրիել Ժեզուսը։ Մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին տանտերերի առավելությունը մեծացրեց Ռիյադ Մահրեզը՝ 3-1։ Խաղի վերջում դուբլ ձևակերպեց Գաբրիել Ժեզուսը՝ «Ման Սիթին» հաղթեց 4-1 հաշվով։
Սա 21-րդ անընդմեջ հաղթանակն էր «Մանչեսթեր Սիթիի» համար բոլոր մրցաշարերում։ Պեպ Գվարդիոլայի սաները միավորների քանակը հասցնում են 65-ի ու շարունակում են վստահորեն գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։