Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում կայացավ «Վուլվերհեմփթոն» — «Լիվերպուլ» հանդիպումը։ Վուլվերհեմփթոնի «Մոլինյո» մարզադաշտում ընթացող լարված խաղն ավարտվեց դաշտի տերերի սենսացիոն հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 78-րդ րոպեին, ընդ որում՝ աչքի ընկան փոխարինման մտած ֆուտբոլիստները։ Նիգերիացի հարձակվող Տոլուվալասե Արոկոդարեի փոխանցումից հետո «գայլերին» առաջ մղեց պորտուգալացի կիսապաշտպան Ռոդրիգու Գոմեշը։ Ընդամենը հինգ րոպե անց մերսիսայդցիների եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Սակայն հանդիպման վերջակետը դրվեց երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում. դաշտի տերերի բրազիլացի կիսապաշտպան Անդրե Տրինդադեն խփեց հաղթական գնդակը՝ շոկի ենթարկելով հյուրերին։
Այս պարտությունից հետո «Լիվերպուլը» 48 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Վուլվերհեմփթոնը» վաստակած 16 միավորով շարունակում է մնալ վերջին՝ 20-րդ տեղում։
Հաջորդ տուրում «Վուլվերհեմփթոնը» մարտի 16-ին արտագնա խաղում կմրցի «Բրենտֆորդի» հետ, իսկ «կարմիրները» մարտի 15-ին սեփական հարկի տակ կընդունեն «Տոտենհեմին»։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































