56-ամյա իսպանացի մասնագետ Էռնեստո Վալվերդեն, որը 2017-ից 2020 թվականներին գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», «Մարսելի» պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին փոխարինելու հիմնական թեկնածուն է: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փխանցմամբ, հենց Վալվերդեն է հանդիսանում ամենանախընտրելի թեկնածուն այս պաշտոնում: Պորտուգալացի մասնագետն առաջիկա օրերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից՝ թիմի վատ մարզավիճակի և արդյունքների համար, և աղբյուրը վստահեցնում է, որ ֆրանսիական կողմն իր ընտրությունը կանգնեցրել է Վալվերդեի վրա, սակայն դեռևս բանակցություններ չի սկսել նրա հետ:
Վալվերդեն 2017 թվականին է գլխավորել «Բարսելոնան»: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ էլ՝ Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող: Չեմպիոնների լիգայում կատալոնացիները դուրս են մնացել 1/4-րդ և 1/2-րդ եզրափակիչներից՝ պարտվելով «Ռոմային» (4-1, 0-3) և «Լիվերպուլին» (3-0, 0-4) համապատասխանաբար:
2020 թվականի հունվարի 13-ին Վալվերդեին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Էնրիկե Սետյենը: