Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչում «Բարսելոնան» հաղթեց «Կորնելյային» լրացուցիչ ժամանակում։ Սակայն չնայած կատալոնական թիմի հաղթանակին՝ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը տանտերերի դարպասապահ Ռամոն Խուանն էր։
Հինգշաբթի երեկոյան կայացած խաղում Խուանը երկու անգամ հետ է մղել 11-մետրանոց հարվածը՝ դառնալով առաջին դարպասապահը, ով «Բարսելոնայի» դեմ խաղի հիմնական ժամանակում 2 անգամ սեյվ է կատարում 11-մետրանոցից, հաղորդում է AS-ը։
Մեծապես հենց Խուանի սեյվերի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Նա հետ մղեց ինչպես Միրալեմ Պյանիչի, այնպես էլ Ուսման Դեմբելելի հարվածները։
21-ամյա դարպասապահը, ցույց տալով իր գերազանց խաղը, կարող է մի շարք ակումբների ուշադրությունը կենտրոնացնել իր վրա։