«Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է ՀՊԼ-ի առաջին հատվածի ակումբի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մրցանակը ստանալուց հետո Դեսիրեն կիսվեց տպավորություններով․
«Այս մրցանակի համար առաջին հերթին շնորհակալ եմ թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողացել գոլեր խփել ու արժանանալ այս մրցանակին։
Մրցաշրջանում մեր գլխավոր նպատակն է գավաթակիր ու առաջնության չեմպիոն դառնալը, կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի հնարավորինս օգտակար լինեմ թիմին, ինչպես նաև անհատական լավ ցուցանիշներ գրանցեմ։
Այս մրցանակը շարժառիթ է ինձ համար, կաշխատեմ արդարացնել բոլոր սպասելիքները»։
Լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցանկում էին նաև Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյանը, Դմիտրի Գուզը և Ուգոչուկվու Իվուն։
Հավելենք, որ Ջոնել Դեսիրեն «Ուրարտու» էր տեղափոխվել այս տարվա ամռանը։ Անցկացրած 6 խաղերում հայիթցի հարձակվողը նույնքան գոլի հեղինակ է դարձել՝ այդ ցուցանիշով գլխավորելով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: