Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կարիերայում 8-րդ անգամ գլխավորել է ATP-ի վարկանիշային աղյուսակը: Այս ցուցանիշով նա հավասարվել է Grand Slam-ի մրցաշարերի 8-ակի չեմպիոն Իվան Լենդլին: Այս մասին հայտնում է ATP-ի պաշտոնական կայքը: Նրանց գերազանցում են Ջոն Մաքինրոյը (14), Փիթ Սամպրասը (11) և Ջիմմի Կոննորսը (9):
Առաջին անգամ Նադալն ATP-ի դասակարգման աղյուսակը գլխավորել է 2008 թվականի օգոստոսի 18-ին՝ 22 տարեկանում: Հետո նա առաջին հորիզոնական է վերադարձել 2010 թվականի հունիսի 7-ին, 2013-ի հոկտեմբերի 7-ին, 2017-ի օգոստոսի 21-ին, 2018-ի ապրիլի 2-ին, 2018-ի մայիսի 21-ին և 2018-ի հունիսի 25-ին:
2019-ին Նադալը հաղթել է Ռոլան Գարոսն ու ԱՄՆ-ի Բաց առաջնությունը, ինչպես նաև Հռոմի ու Մոնրեալի «Մասթերսները»: Առաջին հորիզոնականում անցկացրած շաբաթների քանակով իսպանացին 6-րդն է (197):