Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհավորել է հայկական բռնցքամարտի ընտանիքին՝ բռնցքամարտի միջազգային օրվա կապակցությամբ։
«Այսօր բռնցքամարտի միջազգային օրն է: 2017 թվականին բռնցքամարտով մասսայական մարզվողների թիվը ռեկորդային էր և հուլիսի 22-ին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, հենց այդ օրն էլ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան որոշեց հուլիսի 22-ը հռչակել բռնցքամարտի միջազգային օր:
Մարդկային ուժն ու ճարպկությունը արտացոլող այս մարզաձևը դարերի պատմություն ունի և իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային սպորտի ըտանիքում: 1920 թվականից այն համարվում է ժամանակակից օլիմպիական խաղերի մարզաձև:
Այս յուրահատուկ մարզաձևում Հայասատանը բազմաթիվ չեմպիոններ է տվել, իսկ բռնցքամարտի հայկական դպրոցը երկար տարիներ շատերի համար եղել է օրինակելի:
Բռնցքամարտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ հայկական բռնցքամարտի ամբողջ ընտանիքին՝ մարզիչներին, մարզիկներին, հայկական բռնցքամարտի բոլոր նվիրյալներին: Մեր մարզիկներին մաղթում եմ նորանոր հաղթանակներ ու նվաճումներ: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնվի հայկական բռնցքամարտի երբեմնի համբավը ու հայկական բռնցքամարտի դպրոցը կրկինն լավագույններից է լինելու աշխարհում»,- գրառում է կատարել Հովհաննես Հովսեփյանը ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: