«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Պրիմերայի 35-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ տարած 1-0 հաշվով հաղթանակը։
«Այսօր գերազանց խաղ անցկացրինք։ «Էսպանյոլի»՝ փակ գործող պաշտպանությունը մեր կյանքը շատ բարդացրեց։ Մենք ազատ տարածություն չունեինք։ Ինչ վերաբերում է երկրորդ կեսում դարպասին արված հարվածների բացակայությանը, կարող եմ ասել, որ մեզ համար դժվար էր։ Մրցակիցը տուգանայինում շատ խաղացողներ էր հավաքել, իսկ, երբ այնտեղ այդքան ֆուտբոլիստ կա, խաղալը դժվար է։
Ֆատիի հեռացման դեպքում տեսա, որ սկզբում նա ձգվեց դեպի գնդակը, բայց դա վիճելի պահ էր։ Իսկ այ «Էսպանյոլի» հեռացման պահը ինձ շատ լուրջ թվաց։ Ու եթե մրցավարն առաջին դեպքում կարմիր քարտ ցույց տվեց, երկրորդում ևս պիտի աներ։ Հեռացումից հետո դաշտում ավելի շատ ազատ գոտիներ առաջացան։ Հույս ունեինք, որ Ֆատին կարող է իր եզրում խորացնել խաղը։ Ափսոսում եմ, որ նրա հեռացումը ոչնչացրեց մեր պլանը։ Կարծում եմ՝ նրա ունակությունները մեզ շատ կօգնեին»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Marca-ն։