«Ռեալը» նորից հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հետևում է «Ռենի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային, սակայն «Արքայական ակումբը» պատրաստ չէ 17-ամյա ֆուտբոլիստի համար մեծ գումարներ վճարել:
Այդ իսկ պատճառով, «Ռեալը» նորից սկսել է դիտարկել Պոգբային ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու տարբերակը: Հաղորդվում է, որ ֆրանսիացու ձեռքբերումն այս պահին առաջնային է «Ռեալի» համար:
Պոգբայի գործող պայմանագիրը «Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրում կետ կա այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ, որն ակումբը կարող է ակտիվացնել:
Ընթացիկ մրցաշրջանում Պոլն ԱՊԼ-ի 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: Բացի դա, կիսապաշտպանն Անգլիայի Գավաթի և անգլիական լիգայի Գավաթի մեկական խաղի է մասնակցել: