Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է նվազեցնել Եվրոպայի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքների քանակը: Այդ մասին հայտնում է BeIn-ը:
Մարտի կեսերին ՈւԵՖԱ-ն համաճարակի պատճառով հետաձգեց Եվրոպայի առաջնությունը մինչև 2021 թվականը: Ըստ նոր ծրագրերի, մրցույթը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը մայրցամաքի 12 քաղաքներում: Միևնույն ժամանակ, մրցաշարը կպահպանի Եվրո-2020 անվանումը:
«Սկզբունքորեն, մենք դեռ վճռական ենք տրամադրված Եվրո-2020-ը անցկացնել 12 քաղաքներում: Նրանցից 9-ի հարցում ամեն ինչ արդեն որոշված է: Բանակցությունները շարունակվում են մնացած երեք քաղաքների ներկայացուցիչների հետ: Եթե 12 քաղաքներում մրցաշարը կազմակերպելը չստացվի, մենք պատրաստ ենք առաջնություն անցկացնել տաս, ինը կամ նույնիսկ ութ քաղաքներում», — ասել է Չեֆերինը:
Մայիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը հայտարարել է, որ Ռուսաստանը ՈւԵՖԱ-ին տրամադրել է կառավարության երաշխիքներ 2021 թվականին մրցաշարի հանդիպումներ անցկացնելու համար: «Գազպրոմ Արենան» հյուրընկալելու է Եվրոպայի առաջնության խմբային փուլի երեք խաղ և մեկ քառորդ եզրափակիչ:
Նախատեսվում է, որ բացի Սանկտ Պետերբուրգից, Եվրոպայի առաջնության հանդիպումներ կանցկացվեն նաև Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, Լոնդոնի «Ուեմբլի», «Մյունխեն Արենա», Բաքվի օլիմպիական մարզադաշտերում, Բուխարեստի «Ազգային արենա», Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում, «Յոհան Կրոյֆ Արենան» Ամստերդամում, Գլազգոյի «Համբդեն Պարկում», Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտում», «Դուբլին Արենայում» և Կոպենհագենում գտնվող «Պարկեն» մարզադաշտում: