«Матч ТВ»-ի ռուս մեկնաբան Կոնստանտին Գենիչը պատմել է, որ Եվրո-2020-ի իր հավատարմագրումը չեղարկվել է Բաքվի կողմից։
Լրագրողը պարզաբանել է, որ սկզբում ՈՒԵՖԱ-ից նամակ է ստացել, որով հաստատվել է իր հավատարմագրումը, նրա խոսքով այս որոշումը փոխվել է, քանի որ 2009 թվականին ինքն Արցախում մասնակցել է ԱՊՀ և բալթյան երկրների ֆուտբոլային մրցաշարի։
«Ես նամակ ստացա ՈՒԵՖԱ-ից, որտեղ սևով սպիտակի վրա գրված է․ Դուք չեք անցել ստուգումը և ձեր հավատարմագրումը մերժվել է։ Սա վերջնական որոշումն է, հարցերի դեպքում ․․․ և ադրբեջանական կողմի էլեկտրոնային հասցեն՝ Բաքու-2020։
Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է խառնել քաղաքականությունն ու սպորտը, հատկապես, առաջնության բացման օրը։ Հուսով եմ՝ որ խնդիրը կլուծվի և իմ հավատարմագրումը կհաստատվի ու ես կաշխատեմ այս առաջնությունում։ Իսկ եթե ոչ․․․ Բաքու, ափսոս, բայց ես հիասթափված եմ»,- գրել է Գենիչը Telegram-ում։
2009-ին Արցախ այցելելու պատճառով Բաքուն արգելափակել է նաև «Матч ТВ» հեռուստաալիքի մեկ այլ ռուս մեկնաբան Միխայիլ Մոսակովսկիի հավատարմագրումը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաքվի կազմկոմիտեն արգելափակել էր նաև հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հավատարմագրումը, բայց ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջամտությունից հետո հարցը կարգավորվել էր։