«Матч ТВ»-ի լրագրող և մարզական մեկնաբան Կոնստանտին Գենիչը հայտարարել է, որ շուտով կստանա հավատարմագրումը՝ Եվրոպայի առաջնությունում աշխատելու համար․
«Իմ առաջին խաղը հունիսի 18-ին է, մինչ այդ ես կլուծեմ հավատարմագրմանս հետ կապված բոլոր հարցերը։ Ես այն կստանամ օրինական հիմքերով, ոչ թե նրանով, ինչ առաջ է քաշում Ադրբեջանը», — Գենիչի խոսքերն է փոխանցում РБК-ն։
Ադրբեջանը, որպես Եվրո-ն ընդունող երկրներից մեկը, արգելափակել էր Գենիչի հավատարմագրումը 2009-ին Արցախ այցելելու պատճառով։ Ավելի վաղ նույն պատճառով մերժվել էր նաև լրագրող Միխայիլ Մոսակովսկիի և Նոբել Առուստամյանի հավատարմագրումները, բայց Ռուսաստանի ԱԳՆ-ի և ՄԻՊ-ի միջամտությունից հետո նրանց հավատարմագրումները վերականգնվել էր։
Հունիսի 18-ին Եվրո-ի երեք խաղ կկայանա։ Խորվաթիայի հավաքականը Գլազգոյում կմրցի Չեխիայի հետ, Անգլիան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կընդունի Շոտլանդիային, իսկ Շվեդիան Սանկտ-Պետերբուրգում կխաղա Սլովակիայի հետ։