Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և շահագրգիռ այլ մարզական մարմիններ մասնակցել են կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո մարզական միջոցառումների անվտանգ կազմակերպման առաջարկությունների մշակմանը։ Փաստաթուղթը լրացնում է ԱՀԿ-ի խորհուրդների առկա ցանկը։ Այն կոչված է օգնելու խոշոր մրցաշարերի կազմկոմիտեներին օբյեկտիվորեն գնահատել ռիսկերը, մեղմել հավանական հետևանքները, ինչպես նաև որոշում կայացնել դրանց իրականացման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն վերլուծել են հանդիսականների պարագայում տարբեր մարզաձևերի մրցումների կազմակերպման ռիսկերը։ Լրամշակված խորհուրդների համաձայն հնարավորություն կտրվի կազմել միջոցառումների ցանկ՝ մրցումների անվտանգ անցկացման համար:
Սպասվում են համապատասխան արձագանքներ և մեկնաբանություններ միջազգային սպորտային ֆեդերացիաներից և ազգային օլիմպիական կոմիտեներից:
Հիշեցնենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության պարբերաբար տված տեղեկատվությունը որոշիչ դեր ունեցավ Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգելու հարցում: ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդներ տալ ՄՕԿ-ին և Տոկիո-2020-ի կազմկոմիտեին՝ խաղերի մասնակիցների համար անվտանգ միջավայր ստեղծելու վերաբերյալ:
ՄՕԿ-ԱՀԿ գործընկերության պատմությունը սկսվում է 1980-ականներից: Այդ ժամանակից սկսած կազմակերպությունները առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված համատեղ բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացրել։Օրինակ ՝ օլիմպիական խաղերի բոլոր վայրերում ծխախոտի, ալկոհոլի արգելքը և այլն։