Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալի» դեմ կայանալիք սկզբունքային դերբիի սպասելիքներով:
Արգենտինացի մասնագետը գնահատել է մրցակցի խաղաոճն ու անդրադարձել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի նկատմամբ իր վերաբերմունքին։
«Ամեն ինչ կախված է թիմերից յուրաքանչյուրի առանձնահատկություններից։ Մրցակիցը մեզանից լավ է գործում անցումային փուլերում, ունի ավելի ուղղահայաց խաղաոճ․․․ Նրանք հզոր, ուժեղ տղաներ են և գիտեն՝ ինչպես օգտվել նման իրավիճակներից։ Մենք պետք է հնարավորինս գրագետ կառուցենք մեր խաղը, որպեսզի գնդակի կորուստների դեպքում մրցակիցն իրեն ավելի հարմարավետ չզգա արագ անցումներում»,- AS պարբերականը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը։
Խոսելով պորտուգալացի մասնագետի մասին՝ Սիմեոնեն ընդգծել է, որ չի ցանկանում խորանալ տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մեջ.
«Մոուրինյուի նկատմամբ մեծագույն հարգանք եմ տածում, ես նրա երկրպագուն եմ, և նա գիտի, թե որքան եմ իրեն գնահատում։ Կցանկանայի, որ կարողանայինք պայքարել այնպես, ինչպես դա արել ենք նրա դեմ նախորդ հանդիպումներում»։
Հիշեցնենք, որ Մադրիդյան դերբին կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 20-ին։ «Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 18:15-ին:


























































