Իտալական Սերիա Ա-ի 4-րդ տուրում «Ֆիորենտինան» արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթել է «Վենեցիային»:
Այս հանդիպման գլխավոր հերոսը դարձավ «Ռեալ Մադրիդից» վարձավճարով «մանուշակների» կազմում հանդես եկող վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ և միանգամից երեք տպավորիչ ռեկորդ սահմանեց։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, 19-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ արգենտինացին, ով հեթ-տրիկ է ձևակերպել Եվրոպայի թոփ-5 առաջնություններից որևէ մեկում: Այս ցուցանիշով Մաստանտուոնոն գերազանցեց լեգենդար Լիոնել Մեսսիի նվաճումը: Հիշեցնենք, որ Մեսսին իր առաջին հեթ-տրիկը «Բարսելոնայի» կազմում գրանցել էր 2007 թվականի մարտին՝ «Ռեալի» դեմ հանդիպմանը(3:3), երբ նա 19 տարեկան էր և 259 օրական:
Մաստանտուոնոն այս շեմը հաղթահարել է ավելի վաղ տարիքում՝ սահմանելով նոր պատմական նշագիծ:
Բացի այդ, ֆուտբոլիստը ևս երկու տեղական ռեկորդ է գրանցել․ նա դարձել է «Ֆիորենտինայի» պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ակումբի կազմում հեթ-տրիկ է գրանցել, ինչպես նաև ամենաերիտասարդ լեգիոներն Ա Սերիայում՝ ով առաջնության մեկ խաղում հեթ-տրիկ է գրանցել։
Այս հաղթանակը թույլ տվեց «Ֆիորենտինային» վաստակել ընթացիկ մրցաշրջանի առաջին միավորները և բարելավել դիրքերը մրցաշարային աղյուսակում:


























































