Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հակված է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Միլանի» կազմում։
Աշխարհի առաջնությունից Խորվաթիայի հավաքականի դուրս մնալուց հետո 40-ամյա ֆուտբոլիստը մտորում է իր ապագայի շուրջ։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր La Gazzetta dello Sport-ը, վերջին շաբաթներին նա չէր բացառում կարիերայի շարունակության որևէ տարբերակ, սակայն այժմ վճռական է տրամադրված մնալ միլանյան ակումբում։
Ակումբում նույնպես ցանկանում են շարունակել համագործակցությունը: «Ռոսոներիների» ղեկավարությունը տեղեկացրել է Մոդրիչին, որ հույսեր է կապում նրա հետ նաև հաջորդ մրցաշրջանում:
Օրերս Լուկային անձամբ զանգահարել է «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։ Սա կարևոր ազդակ է դարձել ֆուտբոլիստի համար. պորտուգալացի մասնագետը հասկացրել է, որ խորվաթ վետերանին համարում է թիմի նշանակալի մասնիկը։
Գործող պայմանագիրն ավտոմատ երկարաձգել այլևս հնարավոր չէ, քանի որ 2026/27 մրցաշրջանի համար նախատեսված կետի ժամկետն սպառվել է հունիսի 30-ին: Այնուամենայնիվ, եթե անսպասելի զարգացումներ չլինեն, կողմերը կբանակցեն և կհամաձայնեցնեն նոր՝ մեկամյա պայմանագիր։




























































