Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վերջին տուրում B խմբի դիմակայություններն ավարտվեցին ուշագրավ արդյունքներով։
Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Կանադային, իսկ Բոսնիա և Հերցեգովինան վստահ առավելության հասավ Կատարի նկատմամբ:
Շվեյցարիայի և Կանադայի միջև հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։ Հաղթողների կազմում աչքի ընկան Ռուբեն Վարգասն ու Յոան Մանզամբին, իսկ կանադացիների միակ գնդակը հեղինակեց Պրոմիս Դևիդը։ Վաստակելով 7 միավոր՝ Շվեյցարիայի ընտրանին B խմբում գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Կանադան 4 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և նույնպես նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում, որը կայացավ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում, Բոսնիա և Հերցեգովինան 3:1 հաշվով պարտության մատնեց Կատարին։ Արդեն 29-րդ րոպեին Քերիմ Ալայբեգովիչը առաջ մղեց բոսնիացիներին, իսկ հինգ րոպե անց քաթարցիների դարպասապահ Մահմուդ Աբունադայի ինքնագոլի շնորհիվ հաշվի տարբերությունը կրկնապատկվեց։ 42-րդ րոպեին Հասան Ալ-Հայդոսին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել, սակայն 80-րդ րոպեին Էրմին Մահմիչը խփեց բոսնիացիների երրորդ գնդակը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։
Այս հաղթանակի շնորհիվ Բոսնիա և Հերցեգովինան վաստակեց 4 միավոր՝ զբաղեցնելով խմբի երրորդ հորիզոնականը, ինչը թույլ է տալիս պահպանել 1/16 եզրափակիչ դուրս գալու շանսերը։ Կատարը 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը և հրաժեշտ տվեց Աշխարհի առաջնությանը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































