«Բարսելոնան» չի հրաժարվում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու մտադրությունից և նոր քայլերի է նախապատրաստվում։
Լրագրող Կառլոս Մոնֆորտի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն արգենտինացու տրանսֆերի համար պատրաստում է շուրջ 130 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ։ «Կապտանռնագույնների» ղեկավարությունը վստահ է, որ գործարքի ամենաբարդ հատվածն արդեն հաղթահարված է, քանի որ ֆուտբոլիստը հրապարակայնորեն հայտնել է տեղափոխվելու իր ցանկության մասին։ Այժմ բանակցությունները թևակոխում են վճռորոշ փուլ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայում» մադրիդյան ակումբի դժգոհություններին վերաբերվում են որպես առանցքային խաղացողին կորցնելու վտանգի բնական արձագանք և դրանք տրանսֆերի խափանման իրական սպառնալիք չեն համարում։
Կատալոնական ակումբը բարձր է գնահատում Ալվարեսի դիրքորոշումը, որը, չնայած ՊՍԺ-ի և Լոնդոնի «Արսենալի» լուրջ հետաքրքրությանը, նախապատվությունը տվել է «կապտանռնագույններին»։ Այդ իսկ պատճառով ակումբը վճռական է տրամադրված և մտադիր է անել հնարավոր ամեն ինչ արգենտինացու տեղափոխությունն իրականություն դարձնելու համար։


























































