«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի ապագան շարունակում է մնալ հարցականի տակ։ Ըստ հայտնի մարզական լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկությունների՝ խորվաթ ֆուտբոլիստն այժմ ընտրություն է կատարում կարիերան շարունակելու երկու հիմնական տարբերակի միջև։
Աղբյուրի համաձայն՝ Գվարդիոլը կա՛մ կերկարաձգի պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ (որի հստակ առաջարկն արդեն դրված է սեղանին), կա՛մ այս ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ «Արքայական» ակումբը լուրջ և կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում խորվաթի նկատմամբ, սակայն «Մանչեսթեր Սիթին» էլ իր հերթին ճնշում է գործադրում ֆուտբոլիստի վրա՝ նոր համաձայնագիր կնքելու նպատակով։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Մյունխենի «Բավարիան» չի մասնակցում պաշտպանի համար մղվող պայքարին։ Գերմանական գրանդում բարձր են գնահատում Գվարդիոլի որակները, սակայն նրա տրանսֆերը չափազանց թանկ հաճույք է համարվում մյունխենյան ակումբի համար։
























































