Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը սոցիալական ցանցերի իր էջերում հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով Ուկրաինայի դեմ կիրակնօրյա խաղում տեղի ունեցած միջադեպը, երբ նա խաղադաշտում կորցրել էր գիտակցությունը։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակներում Էրիկսենը սրտի կանգ էր ունեցել, ինչից հետո նրա օրգանիզմում տեղադրվել էր իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (ԻԿԴ): Նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ակտիվացել էր հենց այդ սարքը։
«Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, և ես արդեն տանն եմ՝ ընտանիքիս կողքին։ Ինչպես կարող եք պատկերացնել, իմ ԻԿԴ-ի լիցքաթափման շոկը մեծ ազդեցություն է ունեցել թե՛ իմ, թե՛ ընտանիքիս վրա, սակայն ուզում եմ բոլորին հանգստացնել. այս իրավիճակը խիստ տարբերվում է 2021 թվականին տեղի ունեցածից։ Ես ինձ լավ եմ զգում, և վերականգնողական գործընթացն արդեն սկսվել է»,- գրել է Էրիկսենը։
Ֆուտբոլիստը նաև իր երախտագիտությունն է հայտնել շրջապատողներին ու բժիշկներին.
«Բացի խաղադաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստներին և բուժանձնակազմին ցուցաբերած աջակցության ու օգնության համար շնորհակալություն հայտնելուց, ես նաև անչափ երախտապարտ եմ այն բժիշկներին, որոնք հոգ են տարել իմ և իմ սրտի մասին այս բոլոր տարիների ընթացքում։ Նրանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ իմ ԻԿԴ-ն արեց ճիշտ այն, ինչի համար նախատեսված է՝ պաշտպանեց ինձ, երբ դրա խիստ անհրաժեշտությունը կար»։
Եզրափակելով իր խոսքը՝ Կրիստիան Էրիկսենն ընդգծել է, որ այժմ ամբողջությամբ կենտրոնացած է ապաքինման, հանգստի և ժամանակն ընտանեկան ջերմ մթնոլորտում անցկացնելու վրա։



























































