Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Ուկրաինայի ազգային ընտրանու դեմ ընկերական հանդիպման ժամանակ: Դանիայի հավաքականի մամուլի ծառայությունը և թիմի գլխավոր բժիշկը մանրամասներ են հայտնել ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին։
Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման երկրորդ խաղակեսում։ 75-րդ րոպեին Էրիկսենն անսպասելիորեն ընկել է խոտածածկին, ինչից հետո նրան երկար ժամանակ բժշկական օգնություն են ցուցաբերել։ Խաղը դադարեցվել է դաշտի տերերի օգտին՝ 2:1 հաշվի ժամանակ, և որոշվել է այն չշարունակել:
«Կրիստիան Էրիկսենը գիտակցության է եկել և, հաշվի առնելով հանգամանքները, իրեն լավ է զգում: Հանդիպումը չեղարկված է»,- ասվում է Դանիայի հավաքականի X-ի պաշտոնական էջում:
Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոեսենը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ հանգստացնելով երկրպագուներին.
«Քրիստիանն իրեն լավ է զգում և ինքնուրույն է լքել խաղադաշտը: Իմ կարծիքով՝ սրտի խթանիչն աշխատել է այնպես, ինչպես պետք է։ Նա մի պահ կորցրեց գիտակցությունը, բայց շատ արագ ուշքի եկավ, և մենք անմիջապես կապ հաստատեցինք նրա հետ։ Այժմ նա լրացուցիչ հետազոտություն կանցնի հիվանդանոցում՝ միջադեպի հստակ պատճառը պարզելու համար: Մենք մշտական կապի մեջ ենք նրա և հիվանդանոցի բժիշկների հետ: Քրիստիանը խնդրել է ողջունել բոլոր խաղացողներին և փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է»,- նշել է բժիշկը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին կայացած Եվրոպայի առաջնության Ֆինլանդիայի դեմ խաղում (0:1) Էրիկսենը սրտի կանգ էր ունեցել։ Դրանից հետո նրա օրգանիզմում տեղադրվել էր իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (ICD)՝ սրտի ռիթմը մշտապես վերահսկելու նպատակով:



























































