Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ։ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն նշել է այն աստղային ֆուտբոլիստների անունները, որոնց դեմ կցանկանար ուժերը չափել առաջիկա մունդիալում։
«Ֆուտբոլիստը, որի դեմ երազում եմ խաղալ աշխարհի առաջնությունում, Կրիշտիանու Ռոնալդուն է, քանի որ կարծում եմ՝ սա կլինի նրա վերջին մունդիալը։ Կամ Նեյմարը, քանի որ սա ևս կարող է լինել նրա վերջին աշխարհի առաջնությունը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Այսպիսով, աստղային հարձակվողը ցանկություն է հայտնում, որ Ֆրանսիայի ընտրանին մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում հանդիպի Պորտուգալիայի կամ Բրազիլիայի ազգային հավաքականին։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների երկու եզրափակիչներում դարձել է ընդհանուր առմամբ չորս խփված գոլի հեղինակ։ 2018 թվականին, երբ Ֆրանսիան 4-2 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ, Մբապեն աչքի ընկավ մեկ անգամ։ Իսկ 2022 թվականին նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, սակայն Ֆրանսիան 3-3 հաշվով ավարտված դրամատիկ խաղից հետո հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեց Արգենտինային։

























































