«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության շուրջ սկանդալ է բորբոքվել։ Անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է մադրիդյան ակումբի նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը խիստ դժգոհ է նախընտրական արշավի շրջանակում Հալանդի անվան և պատկերի շահարկումից։
Ավելի վաղ Ռիկելմեն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է պայմանագիր ստորագրել նորվեգացի հարձակվողի հետ։ Հատկապես մեծ հնչեղություն էր ստացել նրա այն պնդումը, թե իբր Հալանդի պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, և որ անձամբ ֆուտբոլիստն է ցանկանում տեղափոխվել մադրիդյան ակումբ։
Նշենք, որ ակումբն ու Հալանդի ներկայացուցիչներն արդեն պաշտոնապես հերքել են «Ռեալի» հետ որևէ պայմանավորվածության առկայությունը։ Այժմ «Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է իր և ֆուտբոլիստի շահերի պաշտպանության իրավական մեխանիզմները, և սպասվում է, որ առաջիկա օրերին այս թեման դեռ կունենա իր շարունակությունը։
























































