Մադրիդի «Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն խիստ քննադատության է ենթարկել Ֆլորենտինո Պերեսի կառավարման մոդելը և ակումբի ֆինանսական քաղաքականությունը:
Գործարար Էնրիկե Ռիկելմեի խոսքով՝ ակումբում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում նախագահի պաշտոնի համար պայքարել ցանկացողների համար, ինչի վառ ապացույցն այն է, որ վերջին 20 տարվա ընթացքում այլընտրանքային թեկնածուներ չեն եղել: Նա կտրականապես դեմ է արտահայտվել «Ռեալի» հնարավոր մասնավորեցմանը՝ նշելով, որ ակումբը պետք է շարունակի պատկանել իր անդամներին, և անհասկանալի է, թե ինչու է Պերեսը տանում ակումբն այդ ուղղությամբ՝ կարևոր որոշումները վստահելով պաշտոնական դիրք չունեցող, բայց մեծ ազդեցություն վայելող անձանց:
Անդրադառնալով ֆինանսական իրավիճակին՝ Ռիկելմեն ընդգծել է, որ «արքայական ակումբը» տարեկան շուրջ 80 միլիոն եվրոյի վնաս է կրում: Այդ դեֆիցիտը ծածկվում է միանգամյա եկամուտների, օրինակ՝ VIP օթյակների վաճառքի հաշվին: Նրա խոսքով՝ ստացվում է, որ Մադրիդում կիրառում են նույն «ֆինանսական լծակները», որոնց համար մշտապես քննադատում են կատալոնական «Բարսելոնային»: Թեև «Ռեալի» վիճակն անհամեմատ ավելի կայուն է, նախագահի թեկնածուն զգուշացնում է, որ Չեմպիոնների լիգայում հնարավոր անհաջողությունները կարող են լուրջ ֆինանսական հարված հասցնել ակումբին:
Որպես ստեղծված իրավիճակի լուծում՝ գործարարը վստահեցրել է, որ ակումբը կարող է առանց սպորտային բաղադրիչը տուժելու՝ կրճատել ծախսերը 130-140 միլիոն եվրոյով: Որպես օրինակ նա նշել է «Real Madrid TV»-ի անհամաչափ մեծ ծախսերը, ինչպես նաև սպորտի հետ կապ չունեցող տասնյակ ղեկավարների գերբարձր՝ տարեկան ավելի քան 1 միլիոն եվրո աշխատավարձերը: Ռիկելմեն վստահ է, որ ծախսերի գրագետ օպտիմալացումն ու կայուն եկամուտների ավելացումը թույլ կտան ակումբին մնալ ֆինանսապես առողջ և մրցունակ բարձրագույն մակարդակում:


























































