Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աչքի վերնամասում պատռվածք է ստացել իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (1:1)։
Հանդիպման 89-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը ներխուժել է մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ «Ժիրոնայի» պաշտպան Վիկտոր Ռեյսն արմունկով հարվածել է նրա դեմքին։
Չնայած այն հանգամանքին, որ Մբապեի դեմքն արյունլվա էր եղել, հանդիպման գլխավոր մրցավարն այդ դրվագում որևէ կերպ չի պատժել Ռեյսին և 11-մետրանոց չի նշանակել հյուրերի դարպասին։
Ապրիլի 12-ին Մբապեն սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նրա վերքին կարեր են դրվել։
Ակնկալվում է, որ այս միջադեպը չի խանգարի աստղային ֆուտբոլիստին մասնակցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը։



























































