Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբն այս պահին առաջատար է Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար մղվող տրանսֆերային պայքարում։ Ամառային տրանսֆերային պատուհանին ընդառաջ «զինագործները» դիտարկում են կազմն ուժեղացնելու տարբերակներ, և Դիասը նրանց գլխավոր թիրախներից մեկն է։
Նշվում է, որ «արքայական» ակումբն արդեն մի քանի առաջարկ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմերից և դեմ չէ դիտարկել խաղացողի վաճառքը: Իսպանական գրանդը պատրաստակամություն է հայտնել լսել այնպիսի առաջարկներ, որոնք կհամապատասխանեն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վերաբերյալ իրենց գնահատականին։
Բացի «Արսենալից», Դիասի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են նաև անգլիական այլ առաջատար ակումբներ՝ մասնավորապես «Տոտենհեմն» ու «Նյուքասլը»։


























































