Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան վնասվածքի պատճառով ստիպված է եղել ժամկետից շուտ լքել Բրազիլիայի ազգային հավաքականի ճամբարը:
Ֆրանսիայի ընտրանու դեմ կայացած ընկերական հանդիպման (որտեղ բրազիլացիները զիջեցին 1:2 հաշվով) ժամանակ ֆուտբոլիստն անհանգստություն է զգացել և փոխարինվել հենց ընդմիջմանը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Globo Esporte-ն, Բրազիլիայի հավաքականի մարզչական և բժշկական շտաբերը որոշում էին կայացրել թույլատրել նրան վերադառնալ ակումբի տրամադրության տակ՝ խորացված բուժզննում անցնելու նպատակով:
Այժմ «Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ վերջ դնելով շրջանառվող լուրերին.
«Ռաֆինյան ստացել է աջ ազդրի ծնկատակի ջլի վնասվածք, ինչը հաստատվել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) կողմից անցկացված բժշկական հետազոտություններով: Ֆուտբոլիստը վերադարձել է Բարսելոնա՝ անհրաժեշտ բուժումը սկսելու համար: Ապաքինման ենթադրվող ժամկետը կազմում է հինգ շաբաթ»,- նշված է կապտանռնագույնների տարածած հաղորդագրության մեջ՝ X սոցիալական ցանցում:
Նշենք, որ ավելի վաղ իսպանական Mundo Deportivo պարբերականը, հղում անելով բրազիլական աղբյուրներին, ենթադրում էր, որ վինգերի ապաքինման համար կպահանջվի մոտ չորս շաբաթ (մեկ ամիս), սակայն ակումբի պաշտոնական տվյալներով ժամկետն ավելի երկար կլինի:
Հավելենք նաև, որ մկանային խնդիրների պատճառով Բրազիլիայի հավաքականի ճամբարը լքել է ևս մեկ ֆուտբոլիստ. ազգային թիմից հեռացել է իտալական «Ռոմայի» պաշտպան Ուեսլի Ֆրանսան:

























































