Վրաստանի ազգային հավաքականի նոր ավագ է նշանակվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։ Այս մասին հայտնում է հարևան երկրի ազգային թիմի մամուլի ծառայությունը։
Վերջին տարիներին Վրաստանի հավաքականի ավագի թևկապը կրում էր փորձառու Գուրամ Կաշիան, որն օրերս հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ 38-ամյա ֆուտբոլիստը «խաչակիրների» կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի հունիսին։
Նշենք, որ մարտին Վրաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ ուժերը չափելով Իսրայելի և Լիտվայի ընտրանիների հետ։
Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում փարիզյան գրանդի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































