Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան, նախկին պաշտպան Մանու Էռնանդոն հիշել է 2017 թվականին տեղի ունեցած միջադեպը, երբ գլխավոր թիմի հետ մարզումներից մեկի ժամանակ քիչ էր մնացել ծանր վնասվածք հասցներ «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ես պատահաբար հարվածեցի Կրիշտիանուին։ Իսկապես չէի ցանկանում, անգամ մտադրություն չունեի ոտքս առաջ գցելու, բայց այդ դրվագում վայր ընկա խոտածածկին։ Ռոնալդուն ինձանից մեկ ակնթարթ շուտ հասցրեց հպվել գնդակին, ինչի արդյունքում հարվածեցի նրա աքիլեսյան ջլին։ Դա պարզապես հանցագործություն էր։ Այդ պահին մտածեցի. «Աստված իմ, ի՞նչ արեցի ես»։
Այդ տարի ես այլևս չմարզվեցի նրանց հետ։ Կարծում եմ՝ դա տեղի ունեցավ մոտավորապես մարտին, հստակ չեմ հիշում։ Մրցաշրջանի ավարտին շատ քիչ էր մնացել, բայց ես այդպես էլ չվերադարձա հիմնական թիմ (ժպտում է)»,- Էռնանդոյի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն՝ հղում անելով Cadena Ser-ին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» գույները պաշտպանել է 2009-ից 2018 թվականներին։ Իսպանական գրանդի կազմում պորտուգալացին չորս անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:
























































