Մյունխենի «Բավարիան» այսօր՝ չորեքշաբթի երեկոյան, Չեմպիոնների լիգայի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի իտալական «Ատալանտային»։
Խաղից առաջ գլխավոր ինտրիգն այն էր, թե ով է պաշտպանելու մյունխենցիների դարպասը։ Ինչպես հայտնի է, նախորդ հանգստյան օրերին Սվեն Ուլրայխի վնասվածքից հետո ակումբի լազարեթում էին հայտնվել հիմնական թիմի բոլոր երեք դարպասապահներն ու երիտասարդական կազմի առաջին դարպասապահը։ Լուրեր էին շրջանառվում, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում առաջին թիմի կազմում իր նորամուտը կարող է նշել ընդամենը 16-ամյա Լեոնարդ Պրեսկոտը։
Այդուհանդերձ, պատանի դարպասապահի նորամուտը հետաձգվում է։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր Kicker պարբերականը, Յոնաս Ուրբիգը բժիշկներից կանաչ լույս է ստացել և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ։ Ըստ ամենայնի, «Բավարիայի» երկրորդ դարպասապահն արդեն լիովին ապաքինվել է ուղեղի ցնցումից։
Հիշեցնենք, որ «Բավարիա» — «Ատալանտա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի այսօր՝ Երևանի ժամանակով 00:00-ին։
Բերգամոյում կայացած առաջին խաղում գերմանական գրանդը ջախջախիչ հաղթանակ էր տարել 6-1 հաշվով։ Այս դիմակայության հաղթողը մրցաշարի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ։


























































