Մյունխենի «Բավարիան» հայտնվել է աննախադեպ իրավիճակում. հիմնական կազմի բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել։ Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաստատել է, որ առաջիկա խաղին չեն կարողանա մասնակցել Մանուել Նոյերը, Յոնաս Ուրբիգը և Սվեն Ուլրայխը։
Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն փաստը, որ վնասվածք ունի նաև նրանց փոխարինելու առաջին հավակնորդը՝ երիտասարդական թիմի դարպասապահ Լեոն Կլանացը։ Սա նշանակում է, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում Վենսան Կոմպանին ստիպված կլինի ընտրություն կատարել խորը պահեստայինների միջև։ Դարպասում կարող են հայտնվել կամ 19-ամյա Յանիս Բերտլը, կամ ընդամենը 16-ամյա Լեոնարդ Պրեսկոտը։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Լևերկուզենի «Բայերի» դեմ կայացած խաղում (1-1) «Բավարիայի» դարպասը պաշտպանող 37-ամյա Սվեն Ուլրայխը մկանային պատռվածք էր ստացել՝ դառնալով վերջինը, որւ համալրեց մյունխենցիների լազարեթը։
«Բավարիա» — «Ատալանտա» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 18-ին։ Թեև մյունխենցիներն ունեն դարպասապահների լուրջ խնդիր, սակայն առաջին խաղում գրանցված 6-1 հաշիվը նրանց հարմարավետ առավելություն է տալիս քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։


























































