Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2025/26 մրցաշրջանի 16-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ՝ Էր-Ռիյադի «Ալ-Ավալ Պարկ» մարզադաշտում, ընդունել էր «Ալ-Շաբաբին»: Գոլառատ պայքարում տանտերերը հաղթանակ տոնեցին 3:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Սաադ Յասլամը գրավեց սեփական դարպասը։ Ընդամենը 6 րոպե անց Քինգսլի Կոմանը կրկնապատկեց «Ալ-Նասրի» առավելությունը։ 31-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց նաև տանտերերի կազմում. անզգույշ գործեց պաշտպան Մոհամեդ Սիմականը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 53-րդ րոպեին, Կառլոս Ժունիորը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Խաղի բեկումնային պահը գրանցվեց 67-րդ րոպեին, երբ «Ալ-Շաբաբի» կիսապաշտպան Վենսան Սիերոն կարմիր քարտ ստացավ։ Թվային առավելությունից օգտվելով՝ 76-րդ րոպեին Աբդուլռահման Ղարիբը խփեց «Ալ-Նասրի» հաղթական գոլը։
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Ալ-Շաբաբը» 11 միավորով 14-րդն է։
Հաջորդ տուրում՝ հունվարի 21-ին, «Ալ-Նասրը» կհյուրընկալվի «Դամակին», իսկ «Ալ-Շաբաբը» հունվարի 20-ին կընդունի «Ալ-Նաջմային»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































