Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյուի ազդեցությանը վերաբերող հարցերին։ Հիշեցնենք, որ Արբելոան 2010-2013 թվականներին «արքայական» ակումբում հանդես է եկել հենց «Յուրահատուկի» գլխավորությամբ։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կապվել է Մոուրինյուի հետ նշանակումից առաջ և ինչ ազդեցություն է ունեցել պորտուգալացին իր վրա, Արբելոան տվել է հստակ պատասխան. նա մտադիր չէ պատճենել ուրիշներին։
«Ես նրա հետ չեմ զրուցել։ Ինձ համար մեծ պատիվ էր մարզվել նրա գլխավորությամբ և կրել նրա ազդեցությունը։ Սակայն ես լինելու եմ Արբելոա։ Ես չեմ վախենում ձախողումներից, բայց եթե փորձեի նմանվել Մոուրինյոյին, ապա խորապես կձախողվեմ», — նշել է իսպանացի մասնագետը։
Արբելոան նաև խոսել է իր մյուս նախկին մարզիչների մասին՝ ընդգծելով, որ փորձել է յուրացնել լավագույն փորձը յուրաքանչյուրից, ում հետ աշխատել է։
«Իմ կարիերայի ընթացքում ես շատ մարզիչներ եմ ունեցել։ Նրանք վճռորոշ դեր են խաղացել և հսկայական ազդեցություն ունեցել ինձ վրա։ Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, և դու յուրաքանչյուրից վերցնում ես լավագույնը։ Նրանցից շատերը լեգենդներ են, որոնք ֆուտբոլում նվաճել են ամեն ինչ։ Հուսով եմ՝ կկարողանամ հասնել գոնե այն բանի կեսին, ինչին հասել են նրանցից շատերը», — եզրափակել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոան «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Խաբի Ալոնսոյին։


























































