Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամփոփել է Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ կայացած արտագնա հանդիպումը, որն ավարտվել է 2:2 հաշվով։ «Սերուցքայինները» խաղի ընթացքում երկու անգամ զիջել են հաշվի մեջ, սակայն 87-րդ րոպեին Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ կարողացել են խուսափել պարտությունից։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Ալոնսոն նշել է․
«Սա ֆուտբոլ է։ Վերջին շրջանում մեր արդյունքները, մեղմ ասած, գոհացնող չեն, և մենք ինքներս դժգոհ ենք մեզանից, սակայն առջևում դեռ շատ խաղեր կան։ Թիմը չի ընկճվել, մենք շարունակում ենք պայքարել։
Յուրաքանչյուր խաղ իր ենթատեքստն ունի։ Մենք ինքնաքննադատաբար ենք մոտենում և քաջ գիտակցում ենք, որ կարող ենք ավելի լավ հանդես գալ։ Կարևոր է ճիշտ արձագանքել դժվարություններին»։
Չնայած միավորների կորստին՝ «Ռեալը» 32 միավորով պահպանում է առաջատարի դիրքը։























































