«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում խոսել է իր ժամանակների Անգլիայի հավաքականի ձախողումների պատճառների մասին։
«Իմ կարծիքով, Անգլիայի հավաքականում մեծ խնդիր կար. մենք բոլորս եսասեր անհաջողակներ էինք։ Հիմա հեռուստացույցով տեսնում եմ, թե ինչպես է Կարագերը ֆուտբոլային քննարկումների ժամանակ նստում Սքոուլզի կողքին, և նրանք այնպիսի տպավորություն են թողնում, ասես 20 տարի է՝ ընկերներ են։
Նույնը վերաբերում է Կարագերի և Նևիլի հարաբերություններին։ Իսկ հիմա, հավանաբար, ես քեզ հետ ավելի հաճախ և ջերմ եմ շփվում, քան այն ժամանակ, երբ միասին խաղում էինք։
Բայց ինչո՞ւ այդպիսի հարաբերություններ չունեինք, երբ 20, 21, 22 կամ 23 տարեկան էինք։ Մեղավո՞ր էր էգոն, թե՞ մրցակցությունը։ Ինչո՞ւ միայն հիմա ենք այնքան հասունացել, որ կարողանում ենք ընկերաբար շփվել։ Ինչո՞ւ այն ժամանակ, երբ Անգլիայի հավաքականում էինք, չէինք կարողանում այդպես շփվել։
Կարծում եմ՝ խնդիրը նրանում էր, որ հավաքականում բավականաչափ միասնական չէինք։ Շատ հաճախ յուրաքանչյուրը փակվում էր իր սենյակում։ Մենք ընկերներ չէինք, նույնիսկ ընկերական հարաբերություններ չունեինք։ Մենք թիմ չէինք։ Ոչ մի մրցաշարում չկարողացանք հանդես գալ որպես ուժեղ և համախմբված հավաքական», — Ջերարդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը՝ հղում անելով Rio Ferdinand Presents փոդքաստին։



























































