Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում իր նախկին թիմի՝ «Տոտենհեմ Հոթսփուրի», ելույթների մասին։
«Բոլորը սիրում են հետևել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներին։ «Տոտենհեմն» այնտեղ էր, դրա համար ինձ շատ հետաքրքիր էր։ Հույս ունեի, որ նրանք կհասնեին եզրափակիչ, ինչն էլ տեղի ունեցավ։ Նրանք գերազանց խաղեր անցկացրեցին փլեյ-օֆֆում, հատկապես, «Այաքսի» հետ կիսաեզրափակչում։
Մեզ՝ «Տոտենհեմի» երկրպագուներիս համար, եզրափակիչը հիասթափեցնող էր։ Բայց ընդհանուր պատկերին պիտի նայել։ Թիմն իրեն հիանալի դրսևորեց՝ հասնելով մինչև որոշիչ խաղին, իսկ խաղացողները շատ լավ հանդես եկան»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Goal.com-ը՝ հղում կատարելով BT Sport-ին։
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակչի ճանապարհին առաջ անցավ Դորտմունդի «Բորուսիայից», «Մանչեսթեր Սիթիից» ու «Այաքսից»։ Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 0-2 հաշվով զիջեց «Լիվերպուլին»։