«Ունիվերսիտատեա Կլուժի» 57-ամյա գլխավոր մարզիչ Իոան Սաբաուն դժգոհություն է հայտնել իր թիմի խաղից՝ Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալուց հետո: Թիմը 1:2 հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիային», ընդ որում՝ երկրորդ խաղում պարտությունը գրանցվել է լրացուցիչ ժամանակում՝ հիմնական ժամանակում 1:1 հաշվից հետո:
Սաբաուն մեղադրել է ակումբի ղեկավարությանը ներդրումների բացակայության համար՝ նշելով, որ ստիպված է եղել խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստների, ովքեր 60-րդ րոպեին արդեն ֆիզիկապես հյուծված էին:
«Ֆուտբոլային խաղը հասկացող մարդը կտեսնի մեր թիմի խնդիրները: Մենք դեռ ռիթմ չունենք: Որոշ խաղացողներ 60-րդ րոպեին արդեն հոգնած են կամ ջղակծկում ունեն: Մրցակիցները վերադարձել են մեկամսյա արձակուրդից, մինչդեռ մենք խաղում ենք երեք օրը մեկ: Ոչ ոք մեզ չի սպասում:
Այս պահին Կոնֆերենցիաների լիգայի մեր թիմը խաղում է անսովոր դասավորությամբ. կենտրոնական կիսապաշտպանը խաղում է որպես կենտրոնական պաշտպան, իսկ աջ պաշտպանի դիրքում՝ մեկ այլ կիսապաշտպան: Իմ մեղքն է, որ չկարողացա բավարար վստահություն ներշնչել թիմին:
Ես չկարողացա համոզել ղեկավարությանը, երբ փորձում էի բացատրել, թե ինչպիսի դժվար մրցաշրջան է սպասվում: Անցած տարի տղաները գերազանցեցին իրենց հնարավորությունները, բայց այս տարի պետք էր որակյալ խաղացողներ ձեռք բերել: Նախապատրաստական փուլը սկսել ենք առանց 8-9 ֆուտբոլիստի: Նրանք միացել են աստիճանաբար, անկազմակերպ:
Լուկիչը, օրինակ, 60-րդ րոպեին այլևս չէր կարողանում խաղալ: Երբ մրցակիցը արագ է, վերահսկում է գնդակը և խաղում է դինամիկ, մենք դժվարանում ենք: Կարող էինք հաշիվը դարձնել 2:0, բայց հետո մրցակիցը լիովին գերակշռեց: Առաջնությունում մենք սովորաբար ճնշում ենք գործադրում, խանգարում ենք մրցակցին կառուցել խաղը և վերահսկում ենք իրավիճակը, բայց այստեղ դա չստացվեց:
Տրանսֆերային առաջին տարբերակները չստացվեցին: Երկրորդը, երրորդը նույնպես: Ստիպված եղանք ընտրել չորրորդ կամ հինգերորդ տարբերակները: Առաջին ընտրությունները ավելի որակյալ էին, բայց ակումբի համար չափազանց թանկ: Ինչպես ասել է նախագահը, մենք չենք կարող մեծ ներդրումներ անել:
Սպասելիքները մեծ են: Երկրպագուները հիասթափված են, քանի որ չգիտեն բոլոր մանրամասները: Նրանք պարզապես ցանկանում են լավ ֆուտբոլ տեսնել: Փորձում ենք բացատրել, բայց դա հաջողվում է միայն նրանց, ովքեր կարող են «տողատակերում կարդալ»: Դա բարդ է:
Հարգում եմ երկրպագուներին: Այս տարի նրանք ապացուցեցին, որ իրենց նվիրվածությունն ու աջակցությունը մեզանից բարձր է: Պետք է հավասարակշռենք իրավիճակը: Ես հավատում եմ արժեքներին, աշխատանքին և նվիրված խաղացողներին:
14 տարեկանում լքել եմ տունը՝ աշխատելու և զոհողություններ անելու համար: Խաղադաշտում միշտ տվել եմ ամեն ինչ, երբեք չեմ նսեմացրել մարզադաշտ եկած մարդկանց: Ժամանակ է պետք, բայց դա չի երաշխավորում, որ կհաղթահարենք այս փուլը: Պետք է տեսնենք՝ արդյոք նորեկները համապատասխանում են մեր պահանջներին: Ժամանակ կա՞: Ինձ համար ամեն ինչ ավելի է բարդանում: Չեմ ուզում պատրանքներ ստեղծել:
Այս պահերը ղեկավարելը շատ բարդ է: Մրցակիցներն այսօր մեզանից ուժեղ էին: Նույնիսկ ազգային առաջնությունում մենք այժմ թույլ ենք: Շատ բան կա ասելու, բայց չեմ ցանկանում սխալ հասկացվել։
Անցած շաբաթը ծանր էր: Կրայովայում նույնպես պարտվեցինք: Անցյալ տարի «Ու Կլուժը» այլ հոգեվիճակ և ներգրավվածություն ուներ: Փլեյ-օֆֆը դեռ հեռու է: Խաղերը շարունակվում են, և ամեն ինչ կարող է փոխվել: Երբ խաղացողները կվերականգնեն ֆիզիկական վիճակը և իրենց լավ զգան դաշտում, կարծում եմ՝ կարող ենք լավ խաղ ցուցադրել:
Ֆուտբոլիստները քիչ են, բայց մենք խաղում ենք եվրագավաթներում: Հավատում էի, որ կհաջողվի: Կարծում էի՝ կկարողանանք: Սա փորձություն է նաև ինձ համար՝ որպես մարզիչ: Պետք է տեսնենք՝ կարո՞ղ ենք նոր նպատակներ դնել: Մարդիկ հոգնում են, երբ արդյունքներ չկան: Նրանք չեն կարող անվերջ համբերել:
Պատասխանատուն ես եմ՝ մարզիչս: Ֆուտբոլիստները խաղից հետո շատ ընկճված էին, բայց նրանք ամեն ինչ արեցին: Ես նրանց ոչ մի նախատինք չասացի: Խաղից հետո անմիջապես շնորհավորեցի նրանց ջանքերի համար: Գլխավոր խնդիրը ֆիզիկական պատրաստվածությունն է: Որոշ խաղացողներ շատ ուշ են միացել թիմին: Նրանց ժամանակ է պետք՝ ռիթմը վերականգնելու համար»,- նշել է Սեբեուն։




























































