Կլուժ-Նապոկայի քաղաքապետ Էմիլ Բոկը մեկնաբանել է «Արարատ-Արմենիայի» և «Ունիվերսիտատեա Կլուժի» միջև Երևանում կայացած խաղը, որը ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի շրջանակում ավարտվել է 0:0 հաշվով։ Խաղից անմիջապես հետո Բոկը Digi Sport-ի եթերում կիսվել է իր տպավորություններով՝ ընդգծելով, որ «Ու Կլուժը» վերադառնում է Ռումինիա՝ հաջորդ փուլ անցնելու մեծ հնարավորությամբ։
Հանդիպումից առաջ Բոկը, ով ժամանել էր Երևան՝ աջակցելու իր թիմին, ելույթ էր ունեցել Digi Sport-ի եթերում՝ նշելով, որ «Արարատ-Արմենիան» ուժեղ և լավ կազմակերպված թիմ է։ Խաղից հետո նա կրկին միացել է եթերին՝ վերլուծելով հանդիպման ընթացքը և մթնոլորտը։
«Մենք վերադառնում ենք Կլուժ՝ հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորությամբ։ Թիմը միշտ զգում է մեր աջակցությունը՝ և՛ լավ, և՛ դժվար պահերին։ Ուրախ ենք, որ կրկին խաղում ենք Եվրոպայում, և հավատում ենք, որ տնային խաղում կկարողանանք առավելություն ստեղծել», — նշել է Բոկը։
Քաղաքապետը, ով նաև «Ու Կլուժի» հիմնադիրներից է՝ քաղաքապետարանի և տեղական համայնքի միջոցով, խոսել է խաղի մասին՝ ընդգծելով, որ այն արդար արդյունք է ունեցել։
«Առաջին խաղակեսում մենք գերակշռեցինք, երկրորդում՝ նրանք։ Երկու թիմերն էլ հնարավորություններ ունեին, բայց արդյունքն արդար էր։ «Արարատ-Արմենիան» ուժեղ, մոտիվացված և կարգապահ թիմ է։ Ես նախապես ասել էի, որ սա «կարծր ընկույզ» է, և նրանք դա ապացուցեցին», — ավելացրել է նա։
Բոկը գովեստով է խոսել Երևանում տիրող մթնոլորտի մասին՝ նշելով հայ երկրպագուների ոգևորությունն ու խաղի ընթացքում երկու կողմերի միջև առկա փոխադարձ հարգանքը։
«Հիանալի մթնոլորտ էր, քաղաքակիրթ միջավայր։ Երևանում կային նաև բազմաթիվ կլուժցի երկրպագուներ։ Սա իսկական ֆուտբոլային մարտ էր, ոչ թե սովորական խաղ։ Բայց մենք հեռանում ենք Երևանից՝ պահպանելով առաջին տեղի հնարավորությունը», — եզրափակել է նա։




























































