ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։
Հանդիպումից հետո ռումինական ակումբի գլխավոր մարզիչ Իոան Սաբեուն նշել է, որ պատասխան խաղում շատ դժվար է լինելու։
«Հնարավոր է՝ ես չափազանց բարձր սպասելիքներ ունեմ: Լինենք իրատես. սա լավ արդյունք է, բայց մենք շատ ենք տառապում: Ֆուտբոլային առումով խնդիրներ ունենք: Հուսով եմ՝ գիտակցում ենք դա: Սա ոչ միայն լավ արդյունք է, այլև շատ լավ արդյունք՝ հաշվի առնելով, որ դա արտագնա խաղ էր: Պետք է ընդունենք դա և գոհ լինենք, քանի որ սա մեր առաջին փորձն է Եվրոպայում: Սակայն պետք է հասկանանք, որ այսօր մենք շատ թույլ խաղ ցուցադրեցինք: Առաջընթացը սկսվում է այստեղից՝ գիտակցում ես, արձագանքում, այլ կերպ ես պատրաստվում և փորձ ձեռք բերում:
Առաջին խաղակեսում մենք ավելի վճռական էինք, ավելի մեծ ցանկություն ունեինք գոլ խփելու: Կարող էինք հաշիվը բացել: Երկրորդ խաղակեսում գրեթե ոչինչ չարեցինք: Շատ պարզ փոխանցումներ մրցակցին, պարտված մենամարտեր, ավելորդ դիպչումներ գնդակին վերջին փոխանցումից առաջ…
Զգացվում էր մակարդակի տարբերությունը: Այստեղ ոչ ոք քեզ թույլ չի տալիս 10 անգամ դիպչել գնդակին կամ փոխանցում կատարել առանց ճնշման:
Հարգանքով եմ վերաբերվում մրցակցին, սակայն սա թույլ թիմ էր: Երբ տեսնում ես, որ ֆուտբոլիստները պարզապես չգիտեն՝ ինչ անել գնդակով, դա նյարդայնացնում է: Ի վերջո, սա խաղ է: Պետք է խիզախություն ունենալ խաղալու համար, այլ ոչ թե վախենալ, մշտապես սթրեսի մեջ լինել կամ ժամանակի ու տարածության ճնշման տակ: Պետք է ավելի հանգիստ լինել: Իհարկե, որոշ խաղացողներ երբեք չեն խաղացել այս մակարդակում և դանդաղ են ընտելանում:
Պատասխան խաղը դժվար է լինելու: Շատ դժվար: Այսօր մենք վախենում էինք այս մակարդակում խաղալ: Բայց վստահ եմ, որ տանը ավելի լավ կխաղանք: Սա այնպիսի մրցակից է, որը նորմալ պայմաններում խնդիրներ չպետք է ստեղծի: Սակայն, եթե մնանք այս մակարդակի վրա, սա կլինի ընդամենը ևս մեկ փորձ՝ համեմատած նախորդ տարվա հետ, և մենք կշարունակենք առաջ գնալ։
Առաջին հայացքից թվում է, թե այս տարի մենք ունենք ավելի արժեքավոր և հավասարակշռված կազմ, քան նախորդ մրցաշրջանում: Սակայն նոր խաղացողները դեռ լիովին ինտեգրված չեն: Նրանցից դեռ չեմ ստացել այն, ինչ սպասում էի: Բայց կարծում եմ, որ նրանք որակ ունեն, դա ես տեսել եմ մարզումների ժամանակ: Վստահ եմ, որ նրանք կարող են առաջընթաց գրանցել, սակայն ժամանակ է պետք: Ես համբերատար եմ և պետք է օգնեմ նրանց դառնալ ավելի լավը, քան հիմա են»,- 57-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում gsp.ro-ն։




























































